Թուրքիան կալանավորել է հետախուզության երկու աշխատակիցների, որոնք խոստովանել են ԱՄԷ-ի օգտին լրտեսության մեջ, հաղորդում է Reuters-ը:

Իշխանությունները փորձում են պարզել, թե արդյոք ձերբակալվածներից մեկի ժամանումը կապված է սաուդցի  լրագրող Ջամալ Խաջոգջիի սպանության հետ:

Նրանցից մեկը Թուրքիա է ժամանել 2018 թ. հոկտեմբերին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում Խաշոգջիի սպանությունից մի քանի օր անց, ասել է  թուրք պաշտոնյան, հավելելով, որ մյուսը ժամանել է իր գործընկերոջն օգնելու համար:

 «Մենք կհետաքննենք, թե արդյոք հիմնական  անձի ժամանումը Թուրքիա կապված է Ջամալ Խաշոգջիի սպանության հետ», - ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ այդ մարդուն հետեւել են  վերջին 6 ամսվա ընթացքում:

«Հնարավոր է, փորձ է արվել արաբների մասին տեղեկություններ հավաքել, ներառյալ Թուրքիայում բնակվող քաղաքական դիսիդենտների մասին»:

Կալանավորումները կատարվել են այս շաբաթվա սկզբին Ստամբուլում հակահետախուզության հետաքննության շրջանակում: Թուրք պաշտոնյաները համակարգիչ են բռնագրավել:

Պաշտոնյան, որը ցանկացել է  անանուն մնալ, ասել է, որ ըստ ձերբակալվածների, իրենց հետախուզական գործողությունը կապված է եղել քաղաքական դիսիդենտների եւ ուսանողների հետ: