Տրանսպորտային միջանցքների գլոբալ ցանցի ստեղծման չինական նախագիծը չի դառնա «աշխարհաքաղաքական գործիք» կամ պարտքային թակարդ մասնակից երկրների համար, եւ Պեկինը ուրախ կլինի կառուցողական առաջարկներ ստանալ այն մասին, թե ինչպես հաղթահարի երկյուղները՝ կապված այդ նախաձեռնության հետ։ Այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, տեղեկացնում է Reuters-ը։

Նոր մետաքսի ճանապարհը, որի գլխավոր նախաձեռնողը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն է, նախատեսում է հին մետաքսի ճանապարհի վերստեղծում Ասիայի, Եվրոպայի եւ այլ երկրների հետ Չինաստանը կապելու համար՝ ի հաշիվ ենթակառուցվածքի վիթխարի ծախսերի։

Չինաստանը կգումարի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գագաթաժողով ապրիլի 25-27-ին։ Դրան կմասնակցեն 37 պետությունների ղեկավարներ, այդ թվում Չինաստանի մերձավոր դաշնակիցները, ինչպիսին են Պակիստանն ու Ռուսաստանը, ինչպես նաեւ Իտալիան, Շվեյցարիան եւ Ավստրիան։ Սակայն ԱՄՆ պատվիրակությունը, որը քննադատում է նախագիծը, ներկայացված կլինի ցածր մակարդակի պաշտոնյաներով։

«Նախագիծը համագործակցության հարթակ է, այլ ոչ թե աշխարհաքաղաքական գործիք,- ասել է Վան Ին։- Իհարկե, «Գոտի եւ ճանապարհ» նախագծի համար պատրաստություն է պետք։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հանդես գալ կառուցողական առաջարկություններով»։

Սակայն արեւմտյան շատ մայրաքաղաքներ, մասնավորապես Վաշինգտոնը, նախագիծը դիտարկում են որպես չինական ազդեցության տարածման միջոց արտասահմանում։ Միացյալ Նահանգները քննադատել է Իտալիայի որոշումը՝ միանալ այս նախագծին։

Չնայած ԱՄՆ-ը եւ Չինաստանը ներկայում փորձում են դադարեցնել առեւտրային պատերազմը, նրանք տարակարծություններ ունեն մի շարք հարցերում, ներառյալ մարդու իրավունքներն ու Թայվանին Վաշինգտոնի աջակցությունը։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» առաջին գագաթաժողովին երկու տարի առաջ ԱՄՆ-ը Չինաստան էր ուղարկել դիվանագիտական նոտա՝ Հյուսիսային Կորեայի մասնակցության առիթով, բայց այդ ժամանակվանից ի վեր Վաշինգտոնը եւ Փհենյանը  փորձում են վերականգնել հարաբերությունները, այդ թվում նրանց առաջնորդների հանդիպումների միջոցով։

«Բոլոր երկրները իրավունք ունեն ազատ մասնակցության, քանի որ սա տնտեսական համագործակցության նախաձեռնություն է»,- ասել է Վան Ին։