Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա պետք է լրջորեն  մտահոգի Հայաստանի հասարակությանը, քանի որ, երբ Ռուսասատանն ու Թուրքիան մերձենում են, դա ողբերգական հետեւանքներ է ունենում Հայաստանի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 10-ին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Էրդողանը Մոսկվա է  այցելում մարտի 15-16-ին, իսկ մարտի 16-ը, ինչպես հայտնի է, Մոսկվայի պայմանագրի ստորագրման օրն է:

«Այս այցելությամբ այս երկու ժողովուրդները նշելու են Հայաստանին հոշոտելու  իրենց հրեշավոր գործարքի, գիշատիչների խնջույքի 90-րդ տարելիցը: Համենայնդեպս կարծում եմ, որ այցի օրը պատահական չէ ընտրված»,-նկատեց ՀՅԴ քարտուղարը: Դաշնակցական պատգամավորը թեեւ խուսափեց կանխավ ենթադրություններ անել, սակայն նշեց, որ Հայաստանը պետք է զգայուն ձեւով հետեւի, թե ինչ հանդիպում է տեղի ունենալու:

NEWS.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ Էրդողանի այցին հետեւեն կոնկրետ զարգացումներ հայ-թուրքական հարաբերությունների ուղղութամբ, Շահբազյանը նկատեց, թե այդ այցը ավելի շատ կապված է լինելու Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ամրապնդման հետ:

«Դրանք հարաբերություններ են, որոնք կառուցվել են Հայաստանի արյան գնով` Հայաստանը  դարձնելով զոհասեղան: Մեր գնահատականը պիտի լինի սրան համարժեք»,-նկատեց նա: Շահբազյանը չբացառեց նաեւ, որ ՀՅԴ-ն հայտարարությամբ հանդես գա Մոսկվայի պայմանագրի տարելիցի վերաբերյալ: