Թուրքիայի նոր դպրոցական դասագրքերում տեղի են ունեցել մի քանի փոփոխություններ։ Դրանք վերաբերվում են հայկական եւ քրդական խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական դպրոցական նոր դասագրքերում «Խնդրի պատճառը հայերն են» վերնագիրը փոխվել է, որպես «Թուրք-հայկական հարաբերություններ»: Նոր գրքում ավելացվել է հետեւյալը. «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայկական „պնդումները“ ժամանակ առ ժամանակ միջազգային հասարակության օրակարգ են գալիս։ Մեր արխիվներում այդ թեմայի հետ կապված կան մեծ քանակությամբ գրավոր տեղեկություններ։ Այդ տեղեկությունները հաստատում են հայկական „պնդումների“ սխալ լինելը։ Թուրքիայի հանրապետությունը տվյալ խնդրի հետ կապված արխիվները բացել է ուսումնասիրողների առաջ»։ Ավելացվել է նաեւ հետեւյալ մասը, որը չի եղել նախկին գրքերում. «Անատոլիայում մահմեդական բնակչության հետ խաղաղության մեջ ապրող հայերի զգալի մասը չի հաստատում այդ իրադարձությունները։ Գաղտնի հայկական կազմակերպությունները իրենց արածներին դեմ դուրս եկած հայերին պատժում էին»,-նշվում է թուրքական դպրոցական նոր դասագրքերում։
Թուրքական նոր դասագրքերի աչքի ընկնող հանգամանքներից է Իմրալի կղզում ցմահ դատապարտված PKK-ի(Քրդական բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլահ Օջալանի ձերբակալությանը նվիրված ընդարձակ հատվածը հանվել է։ Այն հին դասագրքերում համարվում էր 1990-ականների ամենակարեւոր իրադարձություններից մեկը։




























