Մենք կարծում ենք, որ Իրանից ցեմենտի ներմուծման տուրքերի բարձրացումը ճիշտ որոշում էր: Ապրիլի 25-ին ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորի խոսքով՝ քննարկման ենթակա  է նաեւ ցեմենտի կլինկերի ներմուծման տուրքերի բարձրացումը՝ ցեմենտի արտադրության համար միջանկյալ ապրանքի:

«Կլինկերը նույն ցեմենտն է, պարզապես կոնցենտրացված: Կրից ցեմենտի արտադրությունը, ըստ էության, նշանակում է էներգառեսուրսների 60 տոկոսի ծախս, 15 տոկոս հումքի եւ 10 տոկոս աշխատավարձի: Կլինկերի օգտագործմամբ ցեմենտի արտադրության դեպքում տարբեր տեխնոլոգիական գործընթացներ են իրականացվելու: Եվ Գագիկ Ծառուկյանի համար («Արարատցեմենտ» գործարանի սեփականատեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար՝ խմբ.) ավելի շահավետ կլիներ կլինկեր ներմուծել, սակայն խնդիրը հումքի տեղական արտադրության եւ աշխախատեղերի մեջ է», - պարզաբանեց Մելքումյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց օրինագծին, որով Իրանից եւ այլ երկրներից ցեմենտի նեմուծման ժամանակ մեկ տոննայի համար 22 հազար դրամի չափով տուրք է սահմանվում: Սակայն դա չէր բավարարել ԲՀկ պատգամավորներին, որոնք պահանջել էին տուրքեր սահմանել նաեւ կլինկերի ներմուծման համար:

Այս առաջարկն իր հերթին առաջացրել էր «Իմ քայլը» պատգամավորների դժգոհությունը, որոնք  դրանում շուկայի մենաշնորհացման  ակնհայտ փորձ էին տեսել: