Ֆրանսիայի հյուսիսում մարտի 10-ին ձերբակալվել են բասկերի ETA անջատողական խմբավորման չորս գրոհայիններ: Նրանց հետեւել են մի քանի օր:
Նախնական տվյալներով` ձերբակալվածներից մեկը խմբավորման ռազմական օպերացիաների ղեկավար 30-ամյա Ալեքսանդր Սոբարան Արրիոլան է, ով հայտնի է նաեւ Քսարլա մականունով: Նա զբաղվել է խմբավորման համար զենքի եւ պայթուցիկի մատակարարմամբ: ETA-ի ռազմական թեւի առաջանորդ Միգել Կարերայի ձերբակալությունից հետո Արրիոլան իր վրա էր վերցրել նրա պարտականությունների մի մասը:
Ձերբակալվածները տուն են վարձել Ֆրանսիայի փոքրիկ մի գյուղում եւ տան տիրոջը ներկայացել որպես իսպանացի ուսանողներ: Նրանք երթեւեկել են երկու մեքենայով, որոնց համարնիշները կեղծված են եղել: Ի դեպ, նրանց փաստաթղթերը կեղծ են թվացել տան տիրոջը եւ վերջինս էլ այդ մասին հայտնել է ոստիկանությանը:





























