«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Ես գիտեմ մի իրավապաշտպանի, որը շատ է ուրախանում, երբ որեւէ իշխանամետ թերթ իր մասին «մի երկու քաղցր խոսք» է գրում։ Նա բազմացնում է այդ հոդվածը եւ ուղարկում իր գրանտատուներին՝ ուղեկցելով իր նամակը մոտավորապես հետեւյալ գրությամբ. «Տեսնո՞ւմ եք, թե ինչպիսի դժվարին, կասեի նույնիսկ՝ դժոխային պայմաններում եմ ես իրականացնում իմ բարձր առաքելությունը, ինչպիսի խոչընդոտների եմ ես հանդիպում՝ մարդու իրավունքները պաշտպանելիս։ Դուք, հետեւաբար, պետք է սատար կանգնեք ինձ նման հերոսներին»։ Եվ գրանտատուները՝ կարդալով «քլնգող» հոդվածը եւ ուղեկցող գրությունը, գլուխները տմբտմբացնում են. «Այո, նա իսկապես Հայաստանի ակադեմիկոս Սախարովն է, արի մենք եւս մի ծրագիր ֆինանսավորենք, որպեսզի նա որեւէ մոնիտորինգ անի եւ որեւէ բանի մասին զեկույց կազմի»։
Ասում են, եվրոպական չինովնիկները Հայաստանում աշխատում են մոտավորապես նույն սկզբունքով. որքան շատ են նրանց քննադատում ընդդիմադիրները եւ ընդհանրապես «աբորիգեն» քաղաքացիները, այնքան, ասենք, Բրյուսելը նրանց երկար է պահում պաշտոններում՝ մտածելով, հավանաբար, որ այդ քննադատությունը փայլուն աշխատանքի արդյունք է»։




























