Աշխարհում ամենաբարձր շենքը՝ Դուբայի Burj Khalifa երկնաքերը լուսավորվել է Շրի Լանկայի դրոշի գույներով՝ ի նշան համերաշխության ահաբեկչությունների զոհերի, որոնք խլեցին 300-ից ավելի մարդու կյանք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն

«Միասին դեպի խաղաղություն՝ կառուցված հանդուրժողականության եւ խաղաղ գոյակցության վրա»,- նշված է Burj Khalifa-ի Twitter-յան էջում հրապարակված երկնաքերի լուսանկարով հաղորդագրության մեջ, որը լուսավորված է դեղին-կարմիր գույներով:

Շրի Լանկայի դրոշի գույներով լուսավորումներ են հայտնվել նաեւ ԱՄԷ-ի շատ այլ տեսարժան վայրերում՝ ներառյալ երկնաքերներ, խոշոր հյուրանոցներ եւ կամուրջներ:

Շրի Լանկայում Զատկի կիրակի տեղի էր ունեցել պայթյունների շարք, առաջին վեց պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ահաբեկչություններն իրագործել են մահապարտ ահաբեկիչները: Մայրաքաղաքում երկուշաբթի նոր պայթյուն էր որոտացել եկեղեցու մոտ, որտեղ կիրակի պայթյուն էր տեղի ունեցել: Վերջին տեղեկություններով՝ պայթյունների հետեւանքով զոհվել է 359 մարդ, տուժել է 520-ը: Շրի Լանկայի ոստիկանությունը հայտարարել է, որ  ահաբեկչությունների շարքի իրագործմանը մասնակցել է 9 մահապարտ, որոնցից 8-ի անձն արդեն հաստատվել է:

Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն իր մասնակցության ոչ մի ապացույց չի ներկայացրել: