Թուրքիայի հարավ-արեւելյան շրջանում գտնվող Սիիրտի քուրդ քաղաքապետը Սելիմ Սադաքը, ով նաեւ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության անդամ է, պահանջել է դադարեցնել PKK-ի դեմ սեպտեմբերի 8-ից թուրքական զինված ուժերի կողմից սկսած ռազմական գործողությունները։ Այս մասին տեղեկացնում է ensonhaber կայքէջը։ Նա PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) քուրդ զինյալներին անվանել է պարտիզան եւ ոչ թե ահաբեկիչ, ինչպես անվանում են նրանց Թուրքիայում։

Սիիրտի քաղաքապետը նաեւ նշել է, որ իրենց չի գոհացնում իշխանությունների հայտարարած՝ քրդական հարցի կարգավորման դանդաղ գործընթացը։ Քուրդ քաղաքապետը պահանջել է դադարեցնել PKK-ի դեմ ռազմական գործողությունները՝ ասելով. «Քուրդիստան ստեղծելու կարիք չկա, քանի որ Քուրդիստանը արդեն ստեղծվել է եւ այն հենց այս տարածքն է»,-ասել է Սիիրտի քուրդ քաղաքապետ Սելիմ Սադաքը։