Մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում օրենսդրական խնդիրներ կան: Այս մասին ապրիլի 26-ին «Տնտեսական հեղափոխության իրականացման գործում մտավոր սեփականության կարեւորությունը» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է իշխող «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ են ոչ թե ուղղակի խիստ օրենքներ, այլ արդյունավետ կարգավորման գործիքներ: «Այդպիսի գործիքներից մեկը կարող է լինել համապատասխան օրենսդրական բազան»,- հավելել է Գրիգորյանը:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հետեւողական լինել մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում խնդիրների վեր հանման հարցում: «Երկրում դեռեւս չկա այն բանի ընկալումը, որ, օրինակ, ծրագրային ապահովումը մարդկային աշխատանքի արդյունք է: Հարկավոր է հասնել նրան, որ մարդիկ տարբերություն չդնեն շուկայում գնված ապրանքի եւ մտավոր սեփականության արտադրանքի միջեւ»,- նշել է պատգամավորը:
Սուրեն Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ այս կամ այն գործունեությունը չպետք է հիմնվի միայն հայրենասիրության վրա: «Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ եւ մեխանիզմներ, որպեսզի ցանկացած աշխատանք պարգեւատրվի: Մեր հնարավորություններն օբյեկտիվորեն ավելի փոքր են, քան, օրինակ, ԱՄՆ-ում, սակայն մենք դեռեւս չենք օգտագործում այն ներուժը, որը հիմա երկրում կա»,- եզրափակել է նա:





























