ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 10-ին Փարիզում հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի եւ նույն կառույցի անդամ Ռոբերտ Հայդադիրյանի հետ ու քննարկել Արցախում Հիմնադրամի միջոցներով իրականացվող տարբեր ծրագրեր:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել Շուշի քաղաքում արհեստագործական ուսումնարանի կառուցման հետ կապված հարցերին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին` Արցախին մշտապես սատարելու համար եւ ընդգծել ուսումնարանի նշանակությունը ինչպես Շուշիի, այնպես էլ ողջ հանրապետության համար որակյալ մասնագետների պատրաստման տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:





























