Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Pro Chess League շախմատի ակումբային մրցաշարի 2019թ. եզրափակիչ փուլ անցած «Հայկական արծիվներ» (Armenia Eagles) թիմի անդամներին: Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Սան Ֆրանցիսկոյում՝ մայիսի 4-ին եւ 5-ին:
Հայաստանը ներկայացնող թիմի ավագ, ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը վարչապետ Փաշինյանին է ներկայացրել «Հայկական արծիվներ» թիմի անդամներին՝ Զավեն Անդրիասյանին, Հայկ Մարտիրոսյանին, Գոռ Վարդանյանին, Շանթ Սարգսյանին ու Աննա Սարգսյանին, նրանց մարզական ճանապարհն ու հաջողությունները: Նա նշել է, որ թիմն այս հեղինակավոր մրցաշարի 2018թ. գործող չեմպիոնն է, ինչը մեծ պատիվ եւ պատասխանատվություն է, եւ 2019թ. եզրափակիչ փուլ անցած թիմն այս տարի եւս մտադիր է հաղթել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոգեւորիչ է համարել «Հայկական արծիվներ»-ի շախմատային ձեռքբերումները, մաղթել նրանց՝ հաղթանակ առաջիկա եզրափակչում եւ հետագա հաջողություններ:
Թիմի անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին մրցաշարի եզրափակչից առաջ իրենց ընդունելու եւ քաջալերելու համար:
Վարչապետը «Հայկական արծիվներ» թիմի անդամների հետ մտքեր է փոխանակել նաեւ Հայաստանում շախմատի տարածման, Հայաստանի՝ որպես շախմատային պետություն դիրքավորման եւ այս համատեքստում երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման, հայկական chessify բջջային հավելվածի գործածության եւ օգտակարության, դպրոցներում շախմատի դասավանդման եւ այլ հարցերի շուրջ:






























