Բրիտանացի գիտնականները բացահայտել են, որ լույսը կարող է «ինքնագոյանալ» խոշոր նեյտրոնային աստղերի եւ սեւ խոռոչների շրջանում շնորհիվ վակուումի եւ դրանով անցնող տիեզերական ճառագայթների միջեւ քվանտային փոխազդեցության: Գիտնականների այդ եզրակացությունը հրապարակվել է Physical Review Letters պարբերականում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք համարում էինք, որ ոչինչ չի առաջանում ինքնուրույն բացարձակ մաքուր վակուումի մեջ: Սակայն դա բնավ այդպես չէ ժամանակակից քվանտային ֆիզիկայի տեսանկյունից. այդ դատարկության ներսում թաքնված են բազում հետաքրքիր անակնկալներ»,-պատմում է Գլազգոյի (Շոտլանդիա) Սթրաթկլայդ համալսարանից Ադամ Նոուբլը:

Ներկայումս գիտնականները գտնում են, որ վակուումը բացարձակ դատարկություն  կամ պարզապես դատարկ տարածություն չէ: Ըստ քվանտային ֆիզիկայի օրենքների՝ այն իրենից ներկայացնում է անդադար ալեկոծվող «ծով»՝ վիրտուալ մասնիկների անդադար ծնվող եւ ինքնաոչնչացվող զույգերով: Ֆիզիկոսների կարծիքով՝ դրանց փոխազդեցությունը պետք է առանձնահատուկ կերպով ներազդի ատոմների եւ լույսի վարքագծի վրա:

Օրինակ՝ այդ քվանտային «ծովը» պետք է ազդի լույսի բեւեռացման վրա ուժեղ մագնիսային դաշտերի առկայության դեպքում՝ ստիպելով նրան քայքայվել եւ բեւեռացվել այնպես, ինչպես լույսը որոշ բյուրեղներում: Այդպիսի ազդեցության մասին գիտնականները նշում էին դեռեւս նախորդ դարի 30-ականներից, սակայն նրանց չէր հաջողվել գրանցել դա մինչ օրս:

Ներկայումս աստղագետները փորձում են գտնել դրա գոյության հետքերը՝ հետեւելով ռադիոազդակներին եւ ճառագայթման այլ տեսակներին, որոնք ելնում են պուլսարներից, «մահացած աստղերից», որոնք ունեն չափազանց հզոր մագնիսային դաշտ: