Ընդդիմադիր որոշ ուժերի ապարդյուն հանրահավաքները բարենպաստ հող են ստեղծում կայանալիք ընտրությունների կեղծումների համար, մարտի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ իր հույսերն ընդդիմության հետ կապող ժողովուրդը հիասթափվում է նրա անարդյունավետ հանրահավաքներից, իսկ հիասթափված եւ հավատը կորցրած ժողովուրդն անկարող է դիմակայել ընտրակեղծիքներին։ «Հավատը կորցրած մարդիկ ամեն ինչի, այդ թվում՝ ընտրությունների հանդեպ անտարբեր են դառնում՝ հույս չկապելով քաղաքական ոչ մի ուժի հետ, սկսում են ընտրակաշառքներ վերցնել: Այս բոլորը բարենպաստ հող է նախապատրաստում ընտրությունները կեղծելու համար։ Այնպես որ, ընդդիմության ցույցերն իշխանությունների դեմ կարող են հակառակ արդյուքն ունենալ»,- բացատրեց Հովհաննիսյանը։
Նա նաեւ ընդգծեց, որ ժողովրդի եւ իշխանությունների միջեւ մեծացող անդունդը, լեգիտիմության պակասը, այն փաստը, որ երկրի ղեկավարությունը ոչ լրիվ չափով է տիրապետում առկա իրավիճակին, բերում են իշխանությունների միջազգային հեղինակության անկմանը։




























