Լեռնադահուկային սպորտի Սլավոնական երկների Գավաթի խաղարկությանն առաջին անգամ մասնակցել են նաեւ Հայաստանի հաշմանդամ մարզիկները: Ուկրաինայի եւ Ռուսաստանի մարզիկների հետ պայքարում ուկրաինական Միգովոյում հսկա ոլորավարէջքի մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել է Մհեր Ավանեսյանը: Նույն մրցաձեւում Գայանե Ուսնյանն ու Գարուշ Դանիելյանը գրավել են 3-րդ տեղը:
Այսօր, մարտի 11-ին հրավիրած մամուլի ասուլիսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի Պարաօլիմպիական կոմիտեի նախագահ, հաշմանդամների Փյունիկ միության ղեկավար Հակոբ Աբրահամյանը հայտնեց, որ Ուկրաինայում բանակցություններ է վարել Հաշմանդամային լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հաջորդ տարի Ծաղկաձորում Սոչի Պարաօլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար անցկացնելու վերաբերյալ: Նախնական համաձայնություն արդեն ձեռք է բերվել:
Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի պետական մասնակցություն, քանի որ այսօրվա ֆինանսավորմամբ` տարեկան 3 միլիոն դրամ հնարավոր է լինում միայն տարին մեկ անգամ անցկացնել հաշմանդամային սպորտի հանրապետական փառատոնը:
Ֆինանսավորման բացակայության պատճառով հայ հաշմանդամ մարզիկները չեն պատասխանում բազմաթիվ հրավերների եւ զրկվում են միջազգային մրցումների մասնակցելու հնարավորությունից: Այսօր Հայաստանում կան մոտ 10 հաշմանդամ մարզիկներ, որոնք կարող են միջազգային մրցումներում պայքարել ամենաբարձր տեղերի համար: Սակայն նույնիսկ այդ փոքր թվով մարզիկների միջազգային մրցումների եւ կանոնավոր ուսումնամարզական հավաքների ֆինանսավորման խնդիրը լուծված չէ: Սլավոնական երկրների Գավաթի խաղարկությանն էլ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է մրցաշարի կազմակերպիչների եւ Ուկրաինայի հայ գործարարների աջակցության շնորհիվ:
Այս տարի նախատեսվում է մասնակցել Մեծ Բրիտանիայում կայանալիք հաշմանդամային առագաստանավային սպորտի աշխարհի առաջնությանը` 2012թ. Լոնդոնի Պարաօլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու նպատակով:




























