Ազատամարտիկը, որը երկիր է փրկել, Արցախ է ազատագրել, անկախություն է պարգեւել, իրավունք ունի եւ պարտավոր է արժանապատիվ ապրել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը։
«Գրեթե մեկ տարվա ընթացքում ոչինչ դեպի դրականը չի փոխվել այն առումով, որ հստակ գործողություններ չեն եղել։ Մտավախություն կա, որ շարունակվում է հին Հայաստանը, շարունակվում է սերժիզմը»,– նշեց նա։
Գագիկ Սարուխանյանը շեշտեց՝ հասարակությունը պետք է ապահովի ազատամարտիկի արժանապատիվ կյանքը. «Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ ժամանակին մի շարք ազատամարտիկներով հարց բարձրացրեցինք ազատամարտիկի սոցիալական վիճակի մասին, որ ազատամարտիկը, որը երկիր է փրկել, Արցախ է ազատագրել, անկախություն է պարգեւել, իրավունք ունի եւ պարտավոր է արժանապատիվ ապրել։ Հասարակությունը պետք է ազատամարտիկին արժանապատվություն նվիրի։ Ազատամարտիկը իր արժանապատվությունն ունի այնքանով, որ երբ միլիոնավոր առնետներ իրենց հարցերն էին լուծում, իրենք որսորդական հրացաններ ձեռքներին գնում էին սահման պահելու»։
Նա պնդում է՝ ազատամարտիկի վատ սոցիալական պայմանների պատճառով երիտասարդների մոտ փոխվում է արժեհամակարգը. «Ժամանակին բանակում ծառայելը ամոթ էր դարձել, երիտասարդներն ասում էին՝ դուք երկիրը պահեցիք, ինչի՞ հասաք, այսինքն` նրանք տեսնում էին, թե երկիր պահած, երկրի համար արյուն թափած տղաները ինչ սոցիալական վիճակում էին»։
Սարուխանյանն ընդգծեց՝ մեծ հույսեր ունեին 1 տարի առաջ տեզի ունեցած փոփոխությունների մասով, սակայն դրանք չիրականացան. «Մենք շատ մեծ հույսեր ունեինք այսպես կոչված հեղափոխությունից, սակայն իրականում դա իշխանափոխանցում էր, իշխանափոխություն էլ չէր։ Եթե սա իշխանափոխանցում չէր, ապա ինչում էր Սերժ Սարգսյանը սխալ։ Ես ու իմ ընկերները մարդկանց ոտքի էինք հանում, երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից Երեւան էր քայլում։ Հակառակ դեպքում լինելու էր այն 200-400 հոգանոց հավաքը, որը կազմակերպվել էր գների թանկացման դեմ։ Հիմնականում մարդկանց ոտքի հանելը եղել է մեր շնորհիվ»։




























