Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային «ավելի դրական» առաջարկ է արել Patriot զենիթահրթիռային համալիրների հնարավոր գնման վերաբերյալ, քան ներկայացնում էր Վաշինգտոնը մինչ այդ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«ԱՄՆ առաջարկը Patriot-ների վերաբերյալ, որոնք մենք ստացել ենք մարտին, ավելի դրական է մեզ համար եւ պարունակում է կետեր, որոնց մասին մենք խոսում էինք սկզբում։ Մենք պատրաստվում ենք ոչ միայն գնել, այլեւ արտադրել սեփական ՀՕՊ համակարգեր»,- ասել է նախարարը NTV հեռուստաալիքի եթերում։

Փետրվարին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել էր, որ ԱՄՆ-ը չի կարող կատարել Անկարայի երկու հիմնական պայմանը Patriot-ների գնման հարցում՝ վարկ տրամադրելու եւ համատեղ արտադրության։ Ապրիլին Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել էր, որ Անկարան ԱՄՆ-ից նոր առաջարկ է ստացել Patriot-ների մատակարարման մասին, իսկ թուրքական ԱԳՆ-ում հետագայում ճշտել էին, որ Անկարան շարունակում է բանակցություններն ԱՄՆ-ի հետ այդ համալիրների հնարավոր գնման շուրջ։

2017-ին կնքված  պայմանագիրը Թուրքիայի Ս-400-ների մատակարարման մասին Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական անհամաձայնությունների պատճառ դարձավ, որն իր թուրք դաշնակիցներից պահանջում է հրաժարվել ռուսական համալիրներից հօգուտ ամերիկյան Patriot ԶՀՀ-ների։ Թուրքիայի իշխանություններն այս հարցում ամուր դիրքորոշում են որդեգրել եւ չեն նախատեսում հրաժարվել Ս-400-ներից անգամ Patriot գնելու պարագայում։ Այս թեմաները, պետության ղեկավարի աշխատակազմի կարծիքով, «միմյանց հետ կապ չունեն»։