Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխություններ՝ սեռական ոտնձգությունների հետ կապված։ Պատգամավորները օրինագծին կողմ են քվեարկել լիագումար նիստում։ Փոփոխությանը կողմ է եղել 102 պատգամավոր, տեղեկացնում է վրացական Առաջին ալիքը։

Խորհրդարանի որոշման համաձայն՝ սեռական բնույթի ոտնձգության համար հիմա նախատեսվում են ինչպես դրամական տուգանքներ, այնպես էլ ուղղիչ աշխատանքներ։

Մասնավորապես, անձի հանդեպ անցանկալի սեռական բնույթի վարքը (արարքը) հանրային վայրերում՝ ուղղված նրա արժանապատվության վիրավորմանը կամ նրա համար վախեցնող, թշնամական, նվաստացնող կամ վիրավորական միջավայրի ստեղծմանը, հանգեցնում է 300 լարիի չափով տուգանքի։ Եթե նման գործողությունը կատարվի մեկ տարվա ընթացքում վարչական տուգանքից հետո, դա կհանգեցնի 500 լարիի չափով տուգանքի կամ ուղղիչ աշխատանքների մեկ ամսով։

Միեւնույն ժամանակ,  սեռական ոտնձգությունը՝ կատարված անչափահասի, հղի կնոջ, անօգնական վիճակում գտնվող մարդու, առողջական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդու հանդեպ կամ անչափահասի ներկայությամբ, կպատժվի 500-800 լարիի չափով։ Նման արարքի կրկնակի կատարումը կպատժվի 500-1000 լարի տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով մինչեւ 1 ամիս ժամկետով, կամ 10 օր վարչական բանտարկությամբ։

Օրինագծում որպես նկատառում ճշտված է, որ սեռական բնույթի արարք ասելով նկատի է առնվում սեռական բնույթի արտահայտությունը, ինչպես նաեւ սեռական օրգանների ցուցադրումը, սեռական բնույթի ցանկացած բանավոր, ոչ բանավոր կամ ֆիզիկական այլ վարքագիծը (արարքը)։

Միեւնույն ժամանակ, սեռական ոտնձգության հարցը աշխատանքային հարաբերություններում կկարգավորվի օրենսդրության մակարդակով։