Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հերքման պահանջ է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

«Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հերքման պահանջ է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրանով մասնավորապես մեկ անգամ եւս հիմնավորվել է խմբակցության կողմից մշակված «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի համապատասխանությունն ազգային անվտանգության ապահովման նպատակներին։ Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել վարչապետի կողմից կառավարության բաց նիստին հնչեցված զրպարտչական բնույթի տեղեկությունները, որոնք տարածվել են լրատվության բոլոր հնարավոր միջոցներով»,–ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ այդ ինֆորմացիայի գաղտնազերծումը կվնասի պետական անձանց անվտանգությանը. «Սա լեգիտիմ շահ է, եւ կարծում ենք, որ այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի»:

Նախագծին արձագանքել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը. «Այսինքն՝ առաջարկվում է պաշտոնատար անձանց գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, «մարշրուտները» գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ով է ամենալավը կրակում, ով է ամենավատը կրակում եւ կից խորհրդատվություն տալ, թե ո՞նց է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ»: