Հայաստանում երեխաների նկատմամբ ոտնձգության խնդիր իրոք կա, սակայն այն թվերը, որոնք ներկայացվում են հկ-ների կողմից, ուռճացված են։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
«Ժամանակին ես բախվել եմ այդ խնդրին, հանդիպումներ եմ ունեցել տարբեր ՀԿ–ների ներկայացուցիչների հետ և Հայաստանը որպես ԵԽԽՎ լիիրավ անդամ ժամանակին այդ խնդիրը օրենքով կարգավորել է»,- ասաց նա։
Իսկ այն, ինչ տեղի է ունեցել նախօրեին «Բուկինիստ» գրախանութում, ըստ նրա, մեր հասարակության իրական պատկերն է. կա ավանդապաշտ շերտ և կա տարբեր հիմնադրամիներից ֆինանսավորվող ՀԿ-ներ, որոնք փորձում են ուռճացված թվեր ներկայացնել, և այդկերպ գրանտներ ստանալ։
«ՀԿ-ները խնդիր ունեն, գրանտներ են ստանում և ստացած գումարը պետք է արդարացնեն»,– ասաց նա։
Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի դատապարտող հայտարարությանը՝ նախկին պատգամավորը նկատեց, որ նա քաղաքական դեմք է և շատ լավ տեղյակ է, որ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը կարգավորվում են օրենքի ուժով։
«Զարուհի Բաթոյանը միակողմանի դիրքորոշում է արտահայտել, նա որպես նախարար պարտավոր էր երկու կողմերի տեսակետները հարգել։ Տիկին նախարարի դիրքորոշման մեջ տեսնում եմ միակողմանիության և կողմնակալություն այդ ՀԿ–ի հանդեպ»,– ասաց Մարգարիտ Եսայանը։
Ինչ վերաբերում է գրքի բովանդակությանը, Մարգարիտ Եսայանն ասաց, որ 3-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված զգուշացումները չի կիրառելու իր այդ նույն տարիքի թոռնիկներին ուսուցանելու համար։
«Երբեմն այդ գրքերը այնպիսի լուսանկարներով են, ուղղակի ցնցվում ես։ Արդյոք երեխաներին կարելի է նման լուսանկարներ ցույց տալ և բացատրել նրանց մարմնի որոշ մանրամասներ։ Դա մեր հասարակության համար առայժմ ժամանակավրեպ է, հույս ունեմ այդպես ժամանակավրեպ էլ կմնա»,– ամփոփեց Մարգարիտ Եսայանը։
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խստորեն դատապարտել է «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը։
Հիշեցնենք նաեւ, որ երեկ՝ մայիսի 4-ին, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ եւ խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը:
«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը և այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաև Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,- հայտնել էր ՀԿ-ն:





























