Հայաստանում միշտ են եղել մենաշնորհներ, հիմա էլ կան գերիշխող դիրք գրավողներ: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Transparency International» Հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Նրա խոսքով՝ այն մեթոդները, որոնք նախկինում կիրառվել են եւ ուղղված են եղել փաստացի շուկայի մենաշնորհմանը, հիմա չեն օգտագործվում: «Հիմա կա՛մ թույլ չի տրվում դրանց կիրառումը, կա՛մ նման կարգի փաստեր լրատվամիջոցները չեն գրանցում»,- հավելեց Հոկտանյանը:
Իսկ հայտարարությունները, թե Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է երկիր ներմուծել տարբեր կարգի արտադրանք կամ այն երկրում ինքնուրույն արտադրել, ՀԿ ծրագրերի ղեկավարի կարծիքով՝ «իմիտացիայի հոյակապ մեխանիզմ էր, որով նախկին իշխանությունն ակտիվորեն մեղանչել է»: Ընդ որում՝ նա նշեց, որ ձեւականորեն, թղթի վրա ամեն ինչ հնարավոր էր, սակայն իրողություններն իրենց պայմաններն էին թելադում:
Անդրադառնալով ներկայիս իրավիճակին եւ Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականությանը՝ Վարուժան Հոկտանյանը նշեց, որ որոշ սուբյեկտներ, որոնք նախկինում գերիշխող դիրքեր էին զբաղեցնում, իրենց կարգավիճակը շարունակում են պահպանել: «Եվ սա կապված է այն հանգամանքի հետ, որ նրանք դեռեւս այն ժամանակ էին իրենց դիրքերը գրավել: Այսինքն՝ նրանք հիմա չեն կարող օգտագործել այն մեթոդները, որոնք կարող ենք համարել ոչ շուկայական, ինչը նպաստել է մենաշնորհների զարգացմանը, իսկ հատկապես՝ քաղաքական եւ բիզնես վերնախավերի սերտաճմանը, բայց այս ամենը հանգեցնում էր այն խտրականությանը, որը կար: Այսօր այդ ամենը չկա: Սակայն այսօրվա դրությամբ՝ անգամ այդ ռեսուրսները չօգտագործելով՝ տնտեսական տեսանկյունից նրանք, այնուամենայնիվ, որոշակի չափով պահպանել են օլիգարխիային որոշ նմանությունը»,- ընդունեց ՀԿ ծրագրերի ղեկավարը:
Նա, միաժամանակ, նշեց, որ մշտապես ավելի դժվար է նրանց համար, որոնք ցանկանում են որպես նոր խաղացող մտնել, քանի որ շուկայում արդեն կան գործող՝ արդեն որոշակի գերիշխող դիրքով սուբյեկտներ: Նրա կարծիքով՝ սա միանգամայն նորմալ երեւույթ է՝ ցանկացած շուկային հատուկ:





























