Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին հրահանգել է Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ բախումների հերթական էսկալացիայի ֆոնին 480 մլն դոլար հատկացնել Գազայի հատվածի եւ Հորդանանի Արեւմտյան ափի պաղեստինցիներին, նշված է Կատարի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս աջակցությունը բխում է բարեկամական կապերից, արաբական ժողովուրդների կապերից եւ ընդհանուր կրոնից, որը միավորում է պաղեստինցիներին եւ Կատարի ժողովրդին՝ նպատակ ունենալով պաղեստինցի ժողովրդին օգնել կենսական անհրաժեշտության իրեր ձեռք բերելու դժվարին պայմաններում, որ ստեղծվել է իսրայելական օկուպացիայի եւ միջազգային հումանիտար օգնության կրճատման պատճառով»,- նշել է նախարարությունը:
Կատարը մշտապես պաղեստինցիներին, հատկապես Իսրայելի կողմից շրջափակված Գազայի հատվածում բնակվողներին ֆինանսական օգնություն է ցույց տալիս: Կատարի ներկայացուցիչն անցյալ տարի մի քանի անգամ անձամբ է մասնակցել Գազայի հատվածում բնակվող կարիքավոր ընտանիքներին նյութական օգնության բաժանմանը:
Գերեթե երկու օր տեւած հարվածների փոխանակման հետեւանքով մահացել է 4 մարդ իսրայելական կողմում եւ շուրջ 24 պաղեստինյան՝ դառնալով 2014 թվականի ամռան ռազմական արշավից հետո պաղեստինա-իսրայելական դիմակայության ամենալայնածավալն ու արյունահեղը: Կողմերն անցած գիշեր հարվածների փոխանակումը դադարեցրել են:





























