«Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը տեղյակ չէ, թե ինչու է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ հարուցել իրեն պատկանող ՍՊԸ-ի նկատմամբ: «Ես դեռ չեմ ստացել ոչ մի փաստաթուղթ, չգիտեմ, թե ինչ պատճառով են որոշել վարույթ իրականացնել: Իմ ասելիքը կասեմ, եթե իմանամ` ինչն ինչոց է»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Մանուկյանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նելլի Դանիելյանը NEWS.am-ին հայտնեց, թե միայն վարույթը քննարկելու ընթացքում պարզ կլինի, թե ինչ խախտումներ է թույլ տվել ընկերությունը: «Իսկ առայժմ նախնական ուսումնասիրությունները եւ կատարված ստուգումները ցույց են տվել, որ հնարավոր խախտումներ եղել են «Լուսակերտում»: Դրա համար որոշվել է վարույթ հարուցել «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ»,-նշեց Դանիելյանը:

Նա նաեւ հավելեց, որ ձվի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող այլ ընկերությունների նկատմամբ վարույթ չի հարուցվել, թեեւ նախնական ուսումնասիրություններում ընդգրկվել են բոլոր խոշոր ընկերությունները: «Ստուգումների արդյունքները, սակայն, ավելի կասկածելի են եղել «Լուսակերտում»,-նկատեց Դանիելյանը:

Նշենք, որ ՏՄՊՊ-ի  վարույթը կապված է 2010թ-ի դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի հետ, երբ ձուն շեշտակի թանկացավ, որոշ խանութներում  դրա գինը հասավ ընդհուպ 120 դրամի:  

Ձվի արտադրությամբ զբաղվող ընկերություններն են մասնավորապես` «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան», «Արզնի» եւ «Արաքս» թռչնաֆաբրիկանները: