Վերաինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին «զառանցանք է» անվանել Թուրքիայի կողմից Աբխազիայի անկախության հնարավոր ճանաչման մասին տարածված լուրերը։ «Դա սուտ է ու անհնար, ըստ երեւույթին ինչ- որ մեկին չի բավականացրել երեւակայությունը, եւ նա սկսել է զառանցել»,- հայտարարել է Յակոբաշվիլին։ Հիշեցնենք, որ թուրքական Milliyet-ը տարածել է Թուրքիայի կողմից Աբխազիայի անկախության հնարավոր ճանաչման մասին տեղեկությունը։ Այդ տեղեկությունը Վրաստանում բոլոր փորձագետներն ու քաղաքական գործիչները գնահատում են այնպես, ինչպես եւ պետնախարար Յակոբաշվիլին։

Կովկասյան հարցերի փորձագետ Մամուկա Արեշիձեի տեղեկության համաձայն, Աբխազիա իսկապես այցելել է թուրքական պատվիրակություն։ Ինչպես հայտարարել է Արեշիձեն, իր ունեցած տեղեկության համաձայն, մի քանի օր առաջ Աբխազիա է այցելել Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարը։

Այցի նպատակներն ու մանրամասները Արեշիձեին հայտնի չեն, սակայն փորձագետն այդ փաստը կապում է թուրքական Milliyet պարբերականի տարածած Թուրքիայի կողմից Աբխազիայի անկախության հնարավոր ճանաչման մասին տեղեկության հետ։

Ինչպես հայտարարել է Արեշիձեն, վերոնշյալ հրատարակության տեղեկությունն ու Թուրքիայի ԱԳ փոխնախարարի այցը Աբխազիա կասկածելիորեն համընկել են,- հաղորդում է «Կավկազ-պրես» գործակալությունը։

Արեշիձեի կարծիքով, «սույն տեղեկության տարածումը կապված է կոնկրետ քայլերի համար հող նախապատրաստելու հետ»։ «Որքանով է իրական դրա իրականացումը, դժվար է ասել, քանի որ դա անպայման պառակտում կառաջացնի ՆԱՏՕ-ի ներսում, սակայն լիովին իրատեսական է, որ այդ հարցն առավել արդիական է դարձել»,- նշել է Արեշիձեն։

Անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարի Աբխազիա կատարելիք այցի մասին հայտնի է դարձել Թուրքիայի ԱԳՆ նախարար Դավութօղլուի Վրաստան կատարած այցի ժամանակ։ Այն ժամանակ թուրք նախարարն անձամբ է այդ մասին հայտնել եւ նշել, որ Թուրքիան կաջակցի Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու կարձանագրի այդ դիրքորոշումը իր տեղակալի Աբխազիա կատարելիք այցի ժամանակ։

Վրաց փորձագետներն ընդհանուր առմամբ բացառում են իրադարձությունների նման շրջադարձը եւ հայտարարում, որ թուրքական պարբերականի տեղեկությունը ոչ ավելին է, քան «սադրանք»։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը չունի Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի Աբխազիա այցի եւ հանդիպման մանրամասների մասին տեղեկություն, սակայն այնտեղ հայտարարել են, որ տեղեկացված են եղել նման այց կատարելու մտադրության մասին։