Հայաստանի կառավարությունը քննարկում է պատգամավորների՝ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունների ընդլայնման հարցը, որպեսզի դիմել կարողանա ոչ միայն պատգամավորների 1/5-ը, այլ հենց խմբակցությունները՝ որպես առանձին ինստիտուտներ։ Այս մասին մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ պատգամավորները գործադիր իշխանության վերահսկողության բավական լայն լիազորություններ ունեն։ «Խորհրդարանն ունի մեծ լիազորություններ լսումներ, հարցաքննություններ իրականացնելու, կարող է հրավիրել կառավարության անդամներին եւ ոչ միայն խորհրդարանական հանձնաժողովներ, կարող է վիճարկել գործադիր իշխանության մարմինների նորմատիվ իրավական ակտերը ինչպես սահմանադրական, այնպես էլ վարչական դատարաններում։ Այսօրվա դրությամբ պատգամավորը, հաշվի առնելով նրա լիազորությունները, ըստ էության, «սուպերպատգամավոր» է»,- նշել է Զեյնալյանը, ավելացնելով, որ չնայած այս ամենին՝ նրանք ցանկանում են էլ ավելի ընդլայնել խորհրդարանականների լիազորությունները։





























