Հակամարտություն՝ որպես այդպիսին, չկա. սա քաղաքական գործընթաց է: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, Ծաղկաձորում «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովի և դրան նախորդող ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլի խաղերի շրչջանակներում լրագրողների հետ զրույցում նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով իր եւ Աբովյանի քաղաքապետ Վահագն գեւորգյանի հարաբերություններին:
Նրա խոսքով, տեղի ունեցողը զուտ քաղաքական գործընթացներ են, որտեղ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմնի միջեւ տեղական ինքնակառավարման իրավասության տակ գտնվող ռեսուրսների, բյուջեի, հողային ֆոնդերի հետ կապված լրջագույն վերապահումներ կան։
«Այնպիսի վերապահումներ կան, որոնց փաստով նույնիսկ քրեական գործ է արդեն հարուցված։ Այո՛, մենք շարունակում ենք մեր վերահսկողական գործառույթները Կոտայքի մարզի բոլոր համայնքներում, այդ թվում նաեւ Աբովյան քաղաքում։
Աբովյան քաղաքում ունենք տեղական ինքնակառավարման մարմինների իրականացրած աշխատանքների ակնհայտ թերացումներ։ Թույլ եմ տալիս նման ձեւակերպում անել, քանի որ ձեռքի տակ ունենք վերջին ժամանակաշրջանում կատարված պլանային, մասնագիտական եւ իրավական հսկողության արդյունքները, որտեղ վեր ենք հանել մի շարք առերեւույթ խախտումներ, ընթացակարգային թերացումներ՝ համայնքային ենթակայության հողերի կառավարման, կառուցապատման հետ կապված խնդիրներ, հողազավթումների չկանխարգելման դեմ տոտալ անգործության դրվագներ»,-ասաց մարզպետը:
Նրա խոսքով, աշխատանքները շարունակվում են Աբովյանի քաղաքապետի հետ այլ հարթություններում, սակայն իրենց բարձրացրած մտահոգություններն ու քաղաքական ձեւակերպումներն ուժի մեջ են։
«Ավելին ասեմ՝ այն պարագայում, երբ մենք առաջնահերթ էինք համարում Աբովյանում վթարային շենքերի, վերաբնակեցումների կենսական կարեւորության խնդիրների լուծումը, այնուամենայնիվ, համայնքապետարանը մրցույթ հայտարարեց եւ քաղաքային զբոսայգին վերանորոգելու գումար հատկացումներ արեց բյուջեից: Արդեն երեկվա դրությամբ ունենք կանաչ հատվածի ծառահատումների բավականին մտահոգիչ փաստեր։ Սա էլ ցցուն ապացույց է, որ Աբովյանի գործող քաղաքապետը եւ իշխանությունները նախկին քաղաքական մշակույթի կրողներն են»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Մարզպետն Աբովյանը հավաստիացրեց, որ Աբովյանի քաղաքապետի դեմ քաղաքական հետապնդում չկա. «Ես իմ գործողություններում առաջնորդվում եմ պետական շահով: Քաղաքական հետապնդո՞ւմ է այն փաստը, որ մարդիկ հայտարարում են 17 շենքից բաղկացած ուսանողական ավանի կառուցման մասին, բայց այդ կառուցման աշխատանքները կատարվում են ապօրինի, քանի որ համայնքի ղեկավարի կողմից շինթույլտվություն տրամադրված չէ։ Ըստ էության՝ համայնքի ղեկավարն էլ երեկ հաստատեց, որ այդ մեծ շինարարական հրապարակի համար շինթույլտվությունը տրամադրված չէ։ 60-րդ հոդվածի հողեր են օտարվել Աբովյանի քաղաքապետի կողմից, իսկ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը նախանշում է այն նպատակային նշանակությունները, որոնք ենթակա չեն օտարման, բայց մարդիկ դրել ու աճուրդով օտարել են, այն էլ կադաստրային արժեքի 50 տոկոսով։ Հիմա չհակադարձե՞նք: Բա պետությունը չասի՝ համայնքի շահն ինչո՞ւ եք ստորադասել»,-ընդգծեց նա:





























