Ստամբուլի քաղաքապետի թափուր պաշտոնի համար կրկին ընտրություններ անցկացնելու մասին որոշումը կարեւոր քայլ է ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: Մարտին տեղի ունեցած քվեարկության վրա ստվեր է գցել «կազմակերպված կոռուպցիան» եւ անօրինական գործողությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Reuters-ը:
Նախօրեին Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդը որոշել էր հունիսի 23-ին կրկին անցկացնել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններ՝ չեղյալ համարելով մարտի 31-ին կայացած նախորդ ընտրությունների արդյունքները: Մարտի ընտրություններում հաղթել էր ընդդիմադիր կուսակցության թեկնածուն: Խորհրդի որոշումը ընդդիմության համար հիմք է հանդիսացել բռնապետության մեղադրանքներ հնչեցնելու համար:
«Մենք դա դիտարկում ենք մեր ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կարեւոր քայլ»,- ասել է Էրդողանը խորհրդարանում իր՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներին:
«Մենք համարում ենք, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում տեղի է ունեցել կազմակերպված կոռուպցիա եւ անօրինականություն»,- ասել է նա:
Կրկին ընտրություններ անցկացնելու որոշումից հետո թուրքական լիրան արժեզրկվել է, քանի որ ներդրողներն անհանգստացած են քաղաքական անորոշությամբ, եւ գործարար շրջանակների առաջնորդները քննադատել են այդ քայլը: Էրդողանն ասել է, որ Թուրքիան կանգնած է տնտեսական սաբոտաժի առջեւ, և խոստացել է տնտեսության վրա հարձակումները թուլացնել. «Ուստի, ինչ ենք պատրաստվում անել: Այսուհետ մենք անելու ենք այն, ինչ արել ենք ահաբեկիչների հետ»:
Թուրքիայի արեւմտյան դաշնակիցները մտահոգություն են հայտնել ընտրությունների արդյունքների չեղարկման առնչությամբ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ այս որոշումը ոչ թափանցիկ է, ոչ հասկանալի:





























