Ցանկանում եմ Հայաստանի քաղաքացիներին հայտնել, որ գործադիր իշխանության առաջարկած Կառավարության կառուցվածքի տարբերակի ընդունումից հետո ամառային խաղաղ եւ հանդատ ամիսներին կսպասեն զանգվածային կրճատումներ: Մայիսի 8-ին ԱԺ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քվեարկությունից առաջ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» եւ նույնանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ քաղաքացիները այս խնդրի արդարացի լուծման հույս չպետք է ունենան: «Սպասեք այդ կրճատումներին: Դրանք չեն լինի արդարացի, չեն լինի ուռճացված անձնակազմի դեմ: Փորձն արդեն դա ցույց տվել է: Օրինակ՝ մինչ օրս մարզպետների տեղակալներն աշխատում են, չնայած միեւնույն ժամանակ շատ հաստատություններում կրճատումներ են կատարվում»,- շեշտեց Մարուքյանը:

Ընդ որում՝ նա վստահ է, որ Կառավարության նոր կառուցվածքն իրեն չի արդարացնի եւ բավականին արագ կտապալվի: «Չեմ կարծում, որ Կառավարության այս կառուցվածքը երկար կգոյատեւի»,- եզրափակեց ԼՀԿ ղեկավարը:

Հիշեցնենք, Կառավարության նոր կառուցվածքին կողմ է քվեարկել 77 խորհրդարանական, դեմ է հանդես եկել 41-ը՝ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները: Հայաստանի նախարարությունների թիվը 17-ից կդառնա մինչեւ 12: