62 միլիարդի գերակատարումը կշրջանառվի քաղաքացիների մոտ աշխատավարձի տեսքով. տնտեսական հեղափոխության մեկնարկային փուլը տրված է շատ ավելի հաջող, քան կանխատեսվում էր: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր պատոնավարման մեկ տարվա առթիվ մեծ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաեւ տնտեսական հեղափոխության զարգացման փուլին:
«Ամեն անգամ, երբ որ Հայաստանը 129 միլիոն դոլարի վարկ էր ստանում, ասում էին՝ վայ էս ինչ լավ բան է. Հայաստանին վստահում են, վարկ են տալիս: Բայց եթե հաշվի առնենք նաեւ այն վերադարձված գումարները 120 միլիարդ գերավճարի մասով, եւ 15 միլիարդ ավելացված արժեքի հարկի մասով, եթե մենք նախկին գործելակերպը դրսեւորեինք, եւ այդ մարդկանց գումարները չտայինք, հիմա մենք գերակատարում կունենայինք ոչ թե 62 միլիարդ, այլ 200 միլիարդի: Բայց մենք նախընտրել ենք բիզնեսին 350 միլիոն վերադարձնել, որպեսզի նրանք իրենց գործունեությունը ծավալեն»,- հայատարեց Փաշինյանը, եւ նշեց, որ ինքը կառավարության անդամներին հանձնարարել է, որ գեներացված գումարները ճիշտ եւ արդյունավետ ծախսեն:
Մենք այդ ներդրումները պետք է մինչեւ տարվա վերջ անպայման իրականացնենք: Երբ այս ներդրումներն հաջողությամբ իրականացնենք, անցում կկատարենք տնտեսական հեղափոխության երկրորդ փուլին, որովհետեւ այդ 62 միլիարդը կշրջանառվի արդեն քաղաքացիների մոտ, ինչը հնարավորություն կտա նոր թափ հաղորդել Հայաստանում տեղի ունեցող տնտեսական գործընթացներին»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ Նոր Հայաստանում եղած փոփոխությունները 100 փաստով չեն սահմանափակվում. «Ես չեմ տրվի այլ փաստեր հրապարակելու գայթակղությանը, այդ փաստերը իմ ձեռքի տակ են: Սակայն ես որոշել եմ 100-ով սահմանափակվել, որպես սինվոլիկ թիվ: Եթե շարունակեմ՝ կկանգնի 412-ի վրա, կլոր թիվ չի լինի, սիրուն չի»,- ասաց Փաշինյանը:





























