ԱԱԾ-ն հեղափոխությունից առաջ ավելի սուպերկառույց է եղել, եւ երրորդ հանրապետության ողջ ընթացքում միշտ ավելի սուպեր կառույց է եղել, քան հիմա: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ԱԱԾ-ն գերկառույցի է վերածվել, որը զբաղվում է թե ֆեյքերի դեմ պայքարով, թե հակակոռուպցիոն պայքարով, բարձրաստիճան պաշտոնյաների դեմ գործի քննությամբ եւ այլն:

«ԱԱԾ-ն երբեմն նաեւ «բեսպրեդել» թույլ տալու հնարավորություն է եղել: ԱԱԾ-ն սուպերկառույց չէ, շարքային իրավապահ կառույց է: ԱԱԾ-ի եւ մի շարք այլ իրավապահ մարմիններից որոշ գործառույթներ կվերցվեն, երբ կձեւավորվի անկախ հակակոռուպցիոն մարմին: Ինչո՞ւ մինչեւ հիմա այդ մարմինը չի ձեւավորվել, որովհետեւ 100 տեսակետ կա, թե ինչպես պետք է այն ձեւավորվի, ինչ լիազորություններ պետք է ունենա: Ես կարող եմ ասել՝ այսպես պետք է ձեւավորվի անկախ հակակոռուպցիոն մարմինը, մեկ ամիս ժամանակ, գնացեք ստեղծեք: Բայց հետո պետք է ասեն՝ ինչ ուզում է, էդպես էլ անում է, ոչ քննարկում է, ոչ՝ հարցնում:  Իսկ հիմա ասում են՝ ինչու է մեկ տարի ձգվել, որովհետեւ ես այդ որոշումը պատվիրակել եմ ուրիշներին, որ ամեն ինչ ես չորոշեմ»,-ասաց Փաշինյանը»

Նրա խոսքով, որեւէ այլ իրավապահ մարմնի արգելված չի նույն ծավալով կոռուպցիայի դեմ պայքարել. «Ընդհակառակը, մյուս մարմիններից դա պահանջվում է: Գուցե ԱԱԾ-ն ավելի է մասնագիտացած որոշակի սպեցիֆիկայով աշխատանք իրականացնելու մեջ: Օրինակ, ոստիկանությունն ասում է, որ որոշ դեպքերում տեխնիկական կախվածություն ունեն ԱԱԾ-ից, դրա համար չեն կարողանում որոշ դեպքերում օպերատիվ գործել: 

Եթե ուզում եք ես որոշեմ, ես իմ մեջ այդ որոշումն ունեմ: Բայց հետո չասեք, որ սուպերվարչապետական համակարգ է ձեւավորված: Մենք քննարկում ենք, որ պետք է առանձին հետախուզական ծառայություն ունենանք: բայց ինչպիսի՞ն պետք է այն լնի, դա պետք է մտածված լինի»,-ընդգծեց վարչապետը: