Ամենօրյա սխալներ լինում են, բոլորս ենք անում սխալներ, բայց ռազմավարական կամ անուղղելի սխալներ, իմ կարծիքով, մենք թույլ չենք տվել: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ բացթողնումներ ու սխալներ է արել կառավարությունը:

«62 մլրդ դոլարի գերակատարում ենք ունենալու, լավ կլիներ 100 մլրդ դրամի ունենայինք: Գերավճարների 90 տոկոսն ենք վերադարձրել, ճիշտ կլիներ 100 տոկոսը վերադարձնեինք: Լավ կլիներ, որ մարդկանց աշխատավարձն ավելի շատ բարձրացնեինք»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, նույնիսկ եթե եղել են սխալներ, դրանց մեջ չարամտություն չկա եւ դրանք ուղղելի են. «Ամենօրյա սխալներ լինում են, բոլորս ենք անում սխալներ, բայց ռազմավարական կամ անուղղելի սխալներ, իմ կարծիքով, մենք թույլ չենք տվել: Գլոբալ, ռազմավարական սխալներ, մենք, թու-թու-թու, դեռ թույլ չենք տվել:

Ես համոզված եմ, որ մենք ռազմավարկան սխալ թույլ չենք տա, որովհետեւ այդպիսի սխալի ամենամեծ աղբյուրը չարամտությունն է: Եթե ներգրավվենք կոռուպցիայի մեջ, դա կլինի անշրջելի սխալ: Քանի որ չարամտություն, նենք նպատակներ չկան, ես համոզված եմ, որ մեր սխալները կլինեն կառավարելիության տիրույթում»: