Իշխանությունը պատրաստ է կառավարության գործունեության վերահսկման մեխանիզմները ընդդիմությանը փոխանցելու քննարկումներին։ Այս մասին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում մայիսի 8-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցին, թե չպետք է արդյոք ընդդիմությունը վերահսկողության ավելի շատ մեխանիզմներ ստանա։
Սակայն վարչապետը նաեւ ակնարկել է քաղաքական ընդդիմության անկայունությունը։ «Ահա հենց նոր մեզ առաջարկում եք, իսկ հետո ինքներդ էլ հրաժարվում եք։ Օրինակ, մենք քննարկել ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետհանձնաժողովի անդամների թեկնածությունները։ Ձեր խմբակցությունը հայտարարել է, որ ուզում է իր թեկնածուներին առաջադրել, իսկ հետո հրաժարվել է։ Սակայն մենք նախկինի պես պատրաստ ենք այդպիսի քննարկումների։ Եթե երկու ընդդիմադիր խմբակցություններ ներկայացնեն Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամության միասնական թեկնածուի, ես կողմ կլինեմ այդ թեկնածությանը։ Միայն թե եկեք միասնական որոշման գանք։ Թե չէ ստացվում է, որ դուք առաջարկում եք, իսկ հետո ինքներդ էլ հրաժարվում եք»,- ասել է Փաշինյանը։





























