Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի՝ Մեծ հաղթանակի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի´ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար թերեւս ամենանշանակալի տոնն է, որն իր մեջ ներառում է հայ ազգի մի քանի սերունդների հայրենասիրությունն ու խիզախությունը, անսասան կամքն ու անմնացորդ նվիրումը մեր ազգային գաղափարներին ու շահերին:

Մայիսի 9-ի խորհրդանիշը մեր ժողովրդի համար վերաիմաստավորվեց Շուշիի պատմական ազատագրմամբ եւ պաշտպանության բանակի կազմավորմամբ:

Այսօր նաեւ հարգանքի եւ երախտագիտության տուրքի մատուցման օր է բոլոր նրանց, որոնք իրենց կյանքի գնով կերտեցին այս հաղթանակները Մեծ հայրենականում, Արցախյան գոյամարտում, Ապրիլյան քառօրյա պատերազմում, բոլոր նրանց, որոնք անձնվիրաբար ծառայել ու շարունակում են ծառայել մեր ժողովրդին:

Համոզված եմ, որ գալիք սերունդները՝ ոգեշնչված իրենց պապերի ու հայրերի սխրանքներով, կշարունակեն կերտել նոր հաղթանակներ՝ հանուն մեր երկրի հզորացման, շարունակական զարգացման ու բարգավաճման:

Սիրելի´ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պատմական տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»: