Մենք մեր պարտքն ամբողջությամբ չենք տվել թե՛ հայրենական պատերազմի, թե՛ արցախյան պատերազմի, թե՛ ապրիլյան պատերազմի հերոսներին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Մենք պիտի կարողանանք անել առավելագույնը, որովհետեւ իրենք զոհվեցին, որ մեր երեխաներն ապրեն»,-ասաց նա:
Հարցին, այս հաղթանակների շարքում կարեւորո՞ւմ է Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակը, նա պատասխանեց. «Իհարկե, ես թավշյա հեղափոխությունը համարում եմ հաղթանակ, համարում եմ երկրում հաղթանակ կոռուպցիայի, ամենաթողության, անհանդուրժողականության, դեմ, բայց չեմ կարծում, որ պետք է անկախությունը համեմատենք մնացյալ հաղթանակների: Դրանք ինձ համար շատ կարեւոր, բայց բացարձակ տարբեր արժեքներ են»։
Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ խոսել Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղղված նամակին՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված։ Զոհրաբյանը շեշտեց, որ ինքն իրավաբան չէ եւ չի թաթախվի իրավական այս գործընթացի մեջ։




























