ԱՄՆ-ից եւ Բելգիայից  գիտնականների, գործարարների եւ պետական ծառայողների մի մեծ խումբ այսօր՝ մարտի 14-ին այցելել է Երեւանի ԱՐՄԵՆԱԼ գործարան, որը մտնում է աշխարհում ալյումին եւ կավահող խոշորագույն արտադրող UC RUSAL կազմի մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՐՄԵՆԱԼ-ի մամուլի ծառայությունից:

Հյուրերը մասնակցել են հայկական «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի միջոցառումներին: Հայաստան նրանց ժամանման նպատակն է ծանոթանալ բիզնես մթնոլորտին եւ ներդրումային հնարավորություններին, ինչպես նաեւ այն խնդիրներին, որոնք բնորոշ են անցումային տնտեսությամբ երկրներին:  

«Այլընտրանք» կենտրոնի հիմնադիր` Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, օտարերկրյա հյուրերի հետքրքրությունը ԱՐՄԵՆԱԼ-ի հանդեպ կապված է ձեռնարկության բարձր համբավի հետ, որտեղ հայ-ռուսական ամենահաջող ծրագրերից մեկն է իրագործվել:

«Մեզ վրա մեծ տպավորություն գործեցին արդիական հզոր սարքավորումները, անձնակազմի գործուն աշխատանքը եւ գործարանի մաքրությունը: Ես ծանոթ եմ ՌՈՒՍԱԼ-ի որոշ ղեկավարների հետ: Դա հսկայական եւ ֆանտաստիկ ընկերություն է, որը կատարել է արդյունավետ ներդրումներ ԱՐՄԵՆԱԼ-ում», - ասաց Անտվերպենի (Բելգիա) համալսարանի միջազգային ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Լիլիան Վան Հոոֆը (Liliane Van Hoof):

Հյուրերը բարձր գնահատեցին ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրած  բարակ փայլաթիթեղը, որոնց նմուշները տրվեցին պատվիրակության բոլոր անդամներին։