ՄԱԿ-ի 64-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա իր ընդարձակ ելույթում անդրադարձել է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի խաղաղության պաշտպանությանն ուղղված գործողություններին եւ հայտնել, որ Թուրքիան շարունակելու է ակտիվ մասնակցություն ցուցաբերել այդ նախաձեռնություններում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ցանկանում է հարեւանների հետ պասիվ լավ հարաբերություններից անցնել ակտիվ, բարեկամական եւ համագործակցային հարաբերությունների։ «Մեր հարեւան Հունաստանի հետ շարունակվող երկխոսության գործընթացը սրա վառ ապացույցն է։ Վերջին շրջանում ջանքերը մեր հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ եւս սկսել են արդյունքներ տալ։ Եկել է ժամանակը, որ Կովկասում բոլոր հակամարտությունները՝ այդ թվում Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքով՝ հասնեն հիմնավոր լուծման»,- ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը մատնանշել է Իսրայել-Պաղեստին հակամարտությունը, որը դեռեւս շարունակվում է, եւ որի արդյունքում բազմաթիվ անմեղ երեխաներ եւ կանայք են զոհվում։
Նա հիշեցրել է, որ օգոստոսին Թուրքիայում կազմակերպվել է Պակիստանի բարեկամների խմբի նախարարների համաժողովը, որը ցույց է տալիս Թուրքիայի շահագրգռվածությունը նաեւ Պակիստանի կայունության եւ բարօրության հարցում։




























