Թուրք պարողները ելույթ կունենան Ստամբուլի հայկական «Մարալ» համույթի հետ «Ստամբուլցիներ» շոուում: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցելու են 90 պարողներ: Թուրքական եւ հայկական համույթները ելույթ կունենան իրենց ազգային հագուստներով եւ ազգային պարերով:

Թուրքական համույթի գեղարվեստական ղեկավար Մուրատ Ուգյունը նշել է, որ ազգային պատկանելությունը որեւէ դեր չի խաղում: «Չի կարելի տարբերություններ դնել Սայաթ-Նովայի եւ Յունուս Էմրեի հրաշալի պոեզիայի միջեւ»,- հավաստիացրել է նա:

Իսկ «Մարալի» ղեկավար Գափքանը նշել է, որ պարողների տարիքը տատանվում է 6-ից 25 տարեկանի սահմաններում: «Մենք փոքր համայնք ունենք Ստամբուլում` 50 հազար, եւ չենք կարող մեզ թույլ տալ պարողներ ընտրել: Բայց մենք գոյատեւում ենք համայնքի ֆինանսական օգնության շնորհիվ»,- ասել է նա: Գեղարվեստական ղեկավարը նշել է, որ ամենամեծ խնդիրը ամուսնությունից հետո պարողների կողմից բեմը լքելն է: Լուրջ խնդիր է նաեւ հագուստների հայթայթումը: