Ցյուրիխիում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների` Թուրքիայում չվավերացվելու հիմնական պատճառը ո´չ եղբայրական Ադրբեջանն է, ո´չ Ցեղասպանությունը, ո´չ տարածքային ամբողջականությունը, ո´չ էլ ղարաբաղյան հարցը: Հայ-թուրքական արձանագրությունների չվավերացման հիմնական եւ գլխավոր պատճառը Թուրքիայի հասարակության ներքին դիմակայությունն է: Այդ մասին Երեւանում «Հայոց Ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է արեւելագետ, նախկինում հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, պատճառներից մեկն էլ այն է, որ Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ցանկանում է օգտագործել հայ-թուրքական հաշտեցման հարցը որպես մանրադրամ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի եւ անգամ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ:

Հովհաննիսյանը նկատել է, որ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը Թուրքիայում առաջացել է հանցագործության իրականացման առաջին օրերից, ինչի ապացույցն է փաստը, որ ղեկավարության ողջ փաստաթղթերն ու հեռագրերը գաղտնազերծված են եղել. «Կան բազմաթիվ վկայություններ, որ Օսմանյան Թուրքիայի ղեկավարությունը ձգտել է թաքցնել հանցագործությունը` պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելով: Այսպես թուրքերը պատասխանատվությունը բարդել են քրդերի, ռուսների, անգամ հայերի վրա»,- ասել է արեւելագետը: