ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ասելու ոչինչ չունեն պաշտոնական Ստեփանակերտին, եւ միեւնույն ժամանակ չեն ցանկանում լսել Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը, ուստի ամեն տարածաշրջանային այցի ժամանակ միջնորդները, վկայակոչելով եղանակային պայմանները, հրաժարվում են գնալ ԼՂՀ, մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ Ազգային Ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Ընդ որում, նա նկատել է, որ տեղյակ չէ` արդյոք այս անգամ համանախագահները կայցելե՞ն Լեռնային Ղարաբաղ: Աթանեսյանը, սակայն, նշել է, որ վաղ թե ուշ, Ստեփանակերտը պետք է անմիջականորեն մասնակցի բանակցային գործընթացին, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն առանց նրա անհնար է: Նա նկատել է, թե հենց խոսք գնա հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման մասին եւ սկսվի անմիջական բանակցային գործընթացը, Ստեփանակերտը պարտադիր կներգրավվի:

Պատգամավորը նաեւ ողջունել է Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, քանի որ այն ապահովեց բանակցությունների շարունակականությունը, ինչը ձեռնտու էր հայկական կողմին: