Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղն իր սահմանադրական սահմաններով: Այդ մասին «Ժառանգություն» կուսակցության բաց համաժողովում հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշել է նաեւ, որ «Ժառանգությունը» նաեւ տարածքային ամբողջականության կողմնակից է եւ Հայաստանը պատճառ չունի խուսափել միջազգային իրավունքի այդ դրույթից: «Հենց այդ պատճառով էլ Հայաստանը պետք է վաղուց ճանաչած լիներ Ղարաբաղը իր սահմանադրական սահմաններով` դե-յուրե ապահովելով ԼՂՀ տարածքային ամբողջականությունը: Քանի Երեւանը չի գնացել այդ քայլին, քանի Հայաստանի իշխանությունները խուսափում են պետական պատասխանատվությունից, դա կնշանակի, որ Հայաստանը տեսակետ չունի Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության, ինքնորոշման, ապագաղութացման եւ կայացման հարցում»:

«Ժառանգության առաջնորդը ընդգծել է նաեւ, որ Հայաստանին պետք չէ Ադրբեջանի նախագահի «դաբրոն»` ԼՂՀ հարցում Երեւանի պաշտոնական տեսակետը հստակեցնելու համար: Ըստ Հովհաննիսյանի` Ադրբեջանին պետք է ավելի անհանգստացնի հայկական օկուպացված տարածքների` Նախիջեւանի, Շահումյանի եւ Գետաշենի հարցը: