Մահացել է Օսմանյան դինաստիայի թագաժառանգը՝ արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի 97-ամյա թոռը։ Նա Թուրքիայում ծնված Օսմանյան դինաստիայի վերջին ներկայացուցիչն էր։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Սուլթան Աբդուլ Համիդի ամենասիրած որդիներից մեկի տղան՝ Էրթօղրուլ Օսմանը ծնվել է 1912 թվականին Յըլդըզ արքունական պալատում։ 1924 թվականին Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից Խալիֆայության վերացումից հետո Օսմանը տեղափոխվում է Վիեննա։ Նա մոտ 70 տարի չի կարողանում վերադառնալ իր ծննդավայր։ Վիեննայում եղբոր հետ կրթություն է ստանում, ապա այն շարունակում Փարիզում՝ ուսանելով քաղաքագիտություն եւ փիլիսոփայություն։ Այնուհետ հոր հետ տեղափոխվում է ԱՄՆ: 1947 թվականին ամուսնանում է Gulda Twerskoy-ի հետ։ Վերջինս մահանում է 1985 թվականին, որից հետո Օսմանը 6 տարի անց ամուսնանում է աֆղանական թագավորական ընտանիքից՝ Զեյնեփ Թարզիի հետ։ Օսմանը զբաղվել է ձեռնարկատիրությամբ։

ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել, որպեսզի Աբդուլ Համիդի թոռը թաղվի սուլթան Մահմուդի դամբարանում։ Ավելի վաղ Էրդողանը Թուրքիայի քաղաքացիություն էր տվել Էրթօղրուլ Օսմանին։

Էրթօղրուլ Օսմանի մահից հետո Օսմանյան դինաստիան գլխավորողն է դառնում Նյու-Յորքում ապրող Օսման Բայազետը։ Նա ծնվել է 1924 թվականին՝ Փարիզում եւ հանդիսանում է սուլթան Աբդուլմեջիթի թոռ Իբրահիմ Թեւֆիկի փոքր որդին։ Նա ԱՄՆ-ում որոշ ժամանակ եղել է սպա՝ զինված ուժերում, իսկ հետո աշխատել է Նյու Յորքի բազմալեզու գրադարանում։

Օսմանյան դինաստիայի հիմնադիրն է համարվում Օսմանը՝ ում հաջողվում է Միջին Ասիայից դեպի Փոքր Ասիա թափանցած թյուրքական ցեղերին միավորել իր իշխանության տակ։ Ավանդաբար Օսմանյան պետությունը սկսում են կոչել Օսմանյան կայսրություն՝ Կոնստանդնուպոլսի գրավումից հետո։ Սուլթաններից իր դաժանությամբ աչքի է ընկել սուլթան Աբդուլ Համիդը, որը մտել է պատմության մեջ, որպես «արյունոտ սուլթան»։