Գագիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցումից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Գևորգ Դանիելյանը անմիջապես դիմել է Ազգային ժողովին՝ ԲԴԽ իրավաբան–գիտնական անդամի թափուր տեղը լրացնելու համար։
Այս մասին NEWS.am–ին հայտնեց Գևորգ Դանիելյանը։
Իսկ ինչ վերաբերվում է դատավոր անդամի թափուր տեղը լրացնելուն, ապա այդ հարցում խնդիր կա։
Բանն այն է, որ արդեն մի քանի ամիս է ԲԴԽ–ում թափուր է մնացել նաև դատավոր անդամներից մեկի տեղը։ Խոսքը դատավոր Ռուզաննա Հակոբյանի մասին է, որի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2018թ. հոկտեմբերի 27–ին՝ նրա դիմումի հիման վրա։ Արդեն մի քանի ամիս է դատավորների ընդհանուր ժողովին չի հաջողվում ԲԴԽ նոր անդամ ընտրել։
Գևորգ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս հարցում օրենսդրությունը մեկնաբանման տեղիք է տալիս։
Նա նշեց, որ այդ հարցի շուրջ ԲԴԽ–ում խորհրդակցություն կանցկացնի և որպեսզի այս տարաձայնությունը չշարունակվի և հարցը չմնա չլուծված, կարիք կլինի դիմելու Եվրոպայի Դատավորների Խորհրդատվական Խորհրդին (ԵԴԽԽ)՝ հարցի առնչությամբ կառույցի դիրքորոշումն իմանալու համար։
«Կարծում եմ, չպետք է այդ տարակարծությունը խոչընդոտի դատավորի անդամի թափուր տեղը լրացնելու համար. մենք դրա կարիքն իսկապես ունենք։ Երկու անդամի բացակայությունը շատ է խոչընդոտում ԲԴԽ–ի աշխատանքներին»,–ասաց նա։
Դանիելյանը նշեց, որ մինչ այդ իրենք ձեռնպահ են մնացել խնդրի հետ կապված միջազգային կառույցին դիմելուց, քանի որ այն հնարավոր է ընկալվեր, որպես միջամտության փորձ։
«Երբ փորձում ես խորհրդատվության կարգով առնչվել խնդրին, այն երբեմն ընկալվում է, իբրև ուղղորդում, մինչդեռ դա շատ վտանգավոր ընկալում կլիներ։ Դրա համար փորձել ենք ձեռնպահ մնալ, իսկ մյուս կողմից հրապարակայնորեն, բոլորի համար թափանցիկ խորհրդատվություն պետք է ստանանք միջազգային մասնագետների կողմից, քանի որ իսկապես մենք դրա կարիքն ունենք»,–ասաց նա։
Հարցին, արդյոք հնարավոր է առանց դատավոր անդամի տեղը լրացնելու քվերկություն կազմակերպել և ԲԴԽ նոր նախագահ ընտրել, Դանիելյանն արձագանքեց.
«Իմ կարծիքով հնարավոր է, բայց դա ընդամենը իմ կարծիքն է, բայց մենք դեռ սրան կանդրադառնանք»։
Նշենք, որ դատական օրենսգիրքը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները։
Հիշեցնենք, որ մայիսի 24–ին, Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից՝ նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները։
Օրենքով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է տարիքով ավագ անդամին՝ Գևորգ Դանիելյանին։
Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին։ Մինչ այդ նա երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։





























