2010 թվականին բուքմեյքերական բոլոր ընկերությունների շրջանառության ծավալը կազմում էր 14 մլրդ դրամ, իսկ 2018-ին այդ թիվը հասել է 306 մլրդ դրամի։ Այսինքն՝ այն ավելացել է 23 անգամ։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ մայիսի 31-ն ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ 306 մլրդ դրամից բյուջե է մտել ընդամենը 4 մլրդ դրամ, այսինքն՝ ամբողջ շրջանառության 1,4 տոկոսը։ «Եթե մեզ հաջողվի դիմակայել դրան, եւ այդ 306 մլրդ դրամն ուղղվի այլ ճյուղեր, ապա մենք կունենանք մոտ 20 մլրդ դրամի մուտքեր բյուջե»,- նշել է պատգամավորը։ Միեւնույն ժամանակ, Սարգսյանի հավաստմամբ, շրջանառության 83 տոկոսն այս ոլորտում կատարվում է օնլայն խաղերի օգնությամբ եւ միայն 16-17 տոկոսը՝ գրասենյակների միջոցով»,- ասել է խորհրդարանականը։ Ընդ որում՝ նրա խոսքով, առցանց խաղերի եւ տոկոսադրույքների տեսակարար կշիռը շարունակում է ավելանալ, եւ եթե անգամ ոչինչ չարվի, ապա 1-2 տարի հետո բուքմեյքերական գրասենյակները կփակվեն, քանի որ հանրապետությունում տարածված կլինեն միայն մոլախաղերի առցանց տարբերակները։ «Եթե այդ գրասենյակները փակվեն էլ, ապա դրանց մեծ մասը կգնա առցանց ոլորտ։ Մենք չենք պայքարի մոլախաղերի դեմ, պարզապես տեղի կունենա աշխատատեղերի կրճատում»,- ընդգծել է պատգամավորը։