Օրինագծի էությունն այն է, որպեսզի համապատասխան մարմիններն ու կառույցները պատգամավորների հարցումները 5 օրվա ընթացքում բավարարեն գրավոր: Այս մասին հունիսի 3-ին ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության պատգամավորի երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, օրինագծի հեղինակ Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ իսկ եթե այն կառույցների ղեկավարները, որտեղ հարցումն ուղարկվել է,  ավելի մեծ ժամանակի կարիք ունենան հետաքրքրող հարցերի վերաբերյալ խորհրդարանականին լիարժեք պատասխան տալու համար, ապա նրանք կարող են դիմել խորհրդարան պատասխան հարցումով՝ խնդրելով լրացուցիչ 30 օր տրամադրել առաջին հարցումը բավարարելու համար:

«Բոլորը, ովքեր պատգամավորների հետ աշխատում եւ համագործակցում են՝ լինեն տեղական ինքնակառավարման մարմիններ, նախարարներ, եւ ընդհանրապես բոլոր կառույցները, որոնք աշխատում են խորհրդարանականների հետ, պետք է առավել օպերատիվ աշխատեն եւ նպաստեն մեր ընդհանուր աշխատանքի որակի բարձրացմանը»,- շեշտեց Բագրատյանը: