Նախնական կանխատեսումների համաձայն՝ 2019-ին Հայաստանում տնտեսական աճը կլինի 4.6-6.1 տոկոսի սահմաններում եւ հիմնականում, մասնավոր սպառման հաշվին:

Հունիսի 3-ին Ազգային ժողովի նիստում Կենտրոնական բանկի գործունեության մասին տարեկան զեկույցի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով՝ տվյալ զեկույցը հաստատվել է մարտի 12-ին, իսկ հիմնական դրույթները հիմնվել են փետրվարյան հետազոտությունների  եւ ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակի վրա:

«Մասնավոր սպառման բարձր աճին առաջին հերթին կնպաստի տնային տնտեսությունների համար վարկերի արագացված աճը բիզնեսի համար վարկերի աճի համեմատ», - պարզաբանեց Ջավադյանը:

Նա նաեւ հայտնեց, որ նրդրումների չափավոր աճ է սպասվում, պայմանավորված նրանով, որ 2018-ին տվյալ ոլորտում բավականին բարձր աճ է արձանագրվել:

ԿԲ նախագահը հայտնեց, որ արտահանման եւ ֆիսկալ քաղաքականության ազդեցությունը  պահանջարկի վրա մեկ տարվա ընթացքում կզսպի տնտեսական աճը ներմուծման աճի տեմպերի եւ պետական բյուջեի դեֆիցիտի միաժամանակյա կրճատման պատճառով: