Հիփոթեքային վարկավորման շուկայում այս տարվա ապրիլին նախորդ տարվա համեմատ գրանցվել է 28 տոկոս աճ։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
«Մի քանի ծրագիր է գործարկվել, սպասում ենք մի քանի ծրագրերի, հիմա կառավարությունում քննարկում է գնում, քանի որ այս ծրագրերի մի մասը սուբսիդավորվում է նաեւ կառավարության կողմից»,– ասաց նա։
ԿԲ նախագահը շեշտեց՝ լուրջ աճ է նկատվում. «Այս տարիների ընթացքում աճ կար, բայց այս տարի հուժկու աճ է գրանցվել։ Բավականին լուրջ աճ է արձանագրվել հիփոթեքային բոլոր ուղղություններով։ Դա նաեւ բերում է շինարարության աճին, շինարարության աճն էլ բերում է հիփոթեքի ակտիվությանը»։
Նրա խոսքով՝ նաև բիզնես վարկերի տոկոսադրույքների նվազում կա. «Մենք բիզնես վարկերի տոկոսների բավականին իջեցում ունենք, եթե համեմատենք 2018 թվականը 2017–ի հետ, 1.1 տոկոսով իջել են վարկերի համախառն տոկոսները։ Այսօր պատշաճ տոկոսներով կարելի է բիզնես վարկեր վերցնել։ Բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, բիզնեսի ոլորտում ունենք վարկավորման աճ, իհարկե, սպառողական վարկերի աճ ունենք, դա նշանակում է, որ կա պահանջարկ»։
Ջավադյանը խոսեց նաեւ գնաճից, նշեց, որ այժմ սեզոնային գնանկում կա, իսկ այս պահին «ոչ թե սպառման ծավալներն են նվազել, այս սպառման ծավալների տեմպերը»։
ԿԲ նախագահը նաեւ շեշտեց՝ մարդկանց եկամուտները աճում են. «Վարկավորման ծավալների աճն էլ է դրա մասին խոսում»։
Նա նաեւ կարեւորեց՝ խարսխվել են ցածր գնաճային սպասումներ. «Ժամանակից տնտեսագիտության մեջ շատ կարեւոր են սպասումները»։
Ջավադյանը նաեւ նշեց, որ պայքարում են բարձր գնաճի դեմ. «Բարձր գնաճը սարսափելի հիվանդություն է, որը խոցում է հիմնականում անապահով խավերին։ Բարձր գնաճի դեմ պայքարը բարդ ջանքեր է պահանջում, եւ մենք կառավարության հետ միասին պետք է ամեն ինչ անենք, որ չունենանք բարձր գնաճ»։




























