Դուք միակ մարդը չեք, որ հետաքրքրվում է Հայաստանում թոշակների եւ նվազագույն աշխատավարձի բարձրացման կոնկրետ ժամկետներով: Այս մասին հունիսի 5-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի քննադատությանը:
Մելքումյանը, մասնավորապես, հայտարարեց, որ ֆինանսների նախարարից ակնկալում է կոնկրետ պատասխան եւ կոնկրետ ժամկետներ: «Եթե ես խորհրդարանում 1-2 տարի աշխատած լինեի, ապա ձեր պատասխաններն այլ կերպ կընկալեի: Բայց մենք արդեն 7-8 տարի լսում ենք, որ հանրապետությունում աշխատավարձերը եւ թոշակները պետք է բարձրանան, բնակչության սոցիալական խնդիրները պետք է լուծվեն, իսկ ինքը ֆինանսների նախարարը ժամանակին մեզ խնդրեց ցույց տալ այն տեղը, որտեղից այդ ամենի համար կկարողանա միջոցներ գտնել»,- ասաց պատգամավորը:
Ի պատասխան՝ Ջանջուղազյանն ասաց, որ կոնկրետ ժամկետները որոշելու են համատեղ քննարկմամբ։ «Երբ դուք հարցնում եք ժամկետների մասին, տպավորություն է ստեղծվում, թե ես միակ ներկայացուցիչն եմ, որը պատասխանատու է ամեն ինչի համար։ Մենք բոլորս միասին կքննարկենք, քանի որ չենք կարող իրականացնել մտահղացածն առանց դրա որեւէ հիմնավորման։ Մենք չենք կարող պատասխանատվություն վերցնել, որը ռիսկեր կստեղծի իրականացման տեսակետից»,- ասաց Հայաստանի ֆինանսների նախարարը՝ այդպես էլ ըստ էության չպատասխանելով Մելքումյանի հարցին։




























