«Եթե նախագահի հրաժարական պահանջելը հայ –թուրքական արձանագրությունների ստորագրումից հետ կանգնելու միակ ձեւն է, ապա դրան էլ կգնանք։ Բայց դա չէ ձեւը: Ձեւն ի վերջո ազգային համախմբածություն, դիմադրողականություն ապահովելն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարություն արեց Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա ասաց, որ իրենք որեւէ նպատակ չունեն այս կամ այն պաշտոնյանին հեռացնել,պարզապես փորձում են հասկացնել, որ ստեղծված իրավիճակը պահանջում է բոլորի հավաքական կամքը՝ թուրքական ճնշումներին դիմագրավելու համար։
Իսկ պահանջում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը եւ ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանինը, որովհետեւ, ըստ դաշնակցական պատգամավորի, այս կերպ երկրի ղեկավարին հնարավորություն են տալիս փոխելու արտաքին քաղաքականության իր իսկ վարած ուղեգիծը։ «Մենք, ի տարբերություն որոշ ուժերի, ոչ քո „պոստի“ վրա աչք ունենք, ոչ էլ ցանկանում ենք, որ դու ժամկետից շուտ հեռանաս», — դիմեց Դաշնակցական պատգամավորը Սերժ Սարգսյանին ։ «Կարծում ենք, որ նախագահը խոհեմ է այնքան, որ ականջալուր կլինի», — հույս հայտնեց Արծվիկ Մինասյանը։




























