Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանում Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մերսի Տեմբոնին Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացված աշխատանքների եւ «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթի մշակման եւ հաստատման համար:

Մհեր Գրիգորյանը նշել է փաստաթղթի առանցքային կարեւորությունը մշակվող այլ ռազմավարությունների համար: Որպես բարեփոխումների կարեւոր ուղղություններ, որոնք նշված են նաեւ «Երկրի գործընկերության շրջանակ» փաստաթղթում, փոխվարչապետն առանձնացրել է մարդկային կապիտալի զարգացումն ու ենթակառուցվածքային ծրագրերը:

Փոխվարչապետը խոսել է նաեւ դատաիրավական ոլորտում սպասվող բարեփոխումներից եւ նշել դրանց անհրաժեշտությունը մարդու ազատությունների, իրավունքների եւ կապիտալի պաշտպանության տեսանկյունից:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը կառուցողական համագործակցության համար եւ նշել է, որ Համաշխարհային բանկը սատարում է ՀՀ կառավարությանը եւ կշարունակի աջակցել, որ նախանշված բարեփոխումներն ու տեսլականը իրականություն դառնան:

Մերսի Տեմբոնը ներկայացրել է փոխվարչապետին ՀԲ-ի տարածաշրջանային հաջորդ տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին, ով ընդգծել է, որ ուրախ է երկրի համար այս կարեւոր փուլում ստանձնելու պաշտոնը եւ ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ջանքերով աջակցելու բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաեւ պատրաստ է օժանդակելու փոխհամաձայնեցված ծրագրերի իրականացման գործընթացներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Համաշխարհային բանկի համագործակցության հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում: ՀԲ-ի պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել համախմբել եւ Հայստանի կառավարության հետ կիսվել ոլորտային ռազմավարությունների լավագույն փորձով:

Փոխվարչապետը նշել է, որ այս փուլում ՀԲ-ի փորձագիտական եւ վերլուծական ներուժը կլինի անգնահատելի աջակցություն բարեփոխումների իրականացման գործում: