Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ մեկ տասնյակից ավելի օրինագծերի փաթեթին, որի իմաստը նախարարությունների ու գերատեսչությունների արտաբյուջեների սահմանափակումն է:
Հարցը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը: «Բոլոր այն եկամուտները, որոնք տարբեր օրենքներով համարվում էին արտաբյուջետային մուտքեր, այսուհետեւ դասակարգվելու են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր եւ բոլոր այն ծախսերը, որոնք այսօր իրականացվում էին այդ արտաբյուջետային միջոցների հաշվին, դրանք այլեւս չեն իրականացվելու առանձին, այլ ներառվելու են պետբյուջեի ծախսերում որպես բյուջետային ծախսեր»,-ասաց նա՝ հավելելով, որ փաթեթը ներառում է բոլոր նախարարությունների արտաբյուջեները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին` հարցեր կա՞ն, կառավարության անդամներից արձագանք չեղավ. «Քանի հարցեր չկան, արագ դնենք քվեարկության»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը։
Այս փաթեթը կուղարկվի խորհրդարան՝ հաստատման:





























